ovanitas (ovanitas) wrote,
ovanitas
ovanitas

Եվ նորից համակարգչային տերմինների հայերեն թարգմանության մասին

Վերջերս մի շատ հետաքրքիր հանդիպում ունեցա Ռուբեն Թառումյանի հետ: Բոլորդ հաստատ գիտեք ում մասին է խոսքը՝ իր ArmTarumian տառատեսակների ընտանիքից, ենթադրում եմ, հաճույքով օգտվում եք: Հանդիպումն իր նախաձեռնությամբ էր, որի համար իրեն շատ շնորհակալ եմ, որովհետև ծանոթացա շատ հետաքրքիր մարդու հետ, որն իրավ մեծ ավանդ ունի հայերեն համակարգչային տառատեսակների, հայկական յունիքոդ տառատեսակների առաջխաղացման, և, ինչպես պարզվեց հանդիպման ընթացքում, նաև համակարգչային տերմինների հայերեն թարգմանության գործում:

Հանդիպման առիթը, ինչպես արդեն հասկացաք, իմ գրառումներից մեկն էր, որտեղ հայերեն արդի թարգմանությունները քննադատության էի ենթարկել: Չէ, Ռուբենը չէր եկել հաշիվ պահանջելու կամ իր տեսակետները պարտադրելու համար: Մարդն ուղղակի ցանկացել էր հարցի մյուս կողմը ներկայացնել: Իսկ էդ մյուս կողմում, պարզվեց, բազմաթիվ խութեր կան, դժվարություններ ու սահմանափակումներ, որոնց պատճառով էս կարևոր գործը հարթ ճանապարհ չի ունեցել: Էդ սահմանափակումներից, թերևս, հիմնականը Մայքրոսոֆթի մոտ իր ծրագրերի հայերեն թարգմանության առումով հետաքրքրության պակասն է, խիստ բարձր բյուրոկրատիան, թարգմանություններում տառաքանակի խիստ սահմանափակումները, տարբեր լեզուներով թարգմանության պրոցեսը խիստ ստանդարտավորված ու համակարգված դարձնելու իր՝ թերևս հասկանալի բայց, միաժամանակ, խնդրահարույց մտադրությունը, որի արդյունքում թարգմանություններն իրականացվում են ենթատեքստից դուրս ու, արդյունքում, ահագին տուժում: Պարզվեց, որ թարգամանության այս պրոցեսն իրականացվել է նաև հասարակության ներգրավմամբ (ինտերնետի միջոցով), սակայն այդ հետաքրքրությունը, բավական բարձր լինելով windows xp-ի թարգմանության ժամանակ, vista-ի դեպքում անսպսասելորեն կտրուկ ընկել է:

Մեր զրույցը, այնուամենայնիվ, սրա մասին էլ չէր: Թեման, հիմնականում, այն առանցքային հարցն էր, թե ո՞րն է ճիշտ. տարածված տերմինների հայերեն թարգմանություն ունենա՞լը, թե՞ միջազգայնորեն ընդունված տարբերակների կիրառումը: Ես պաշտպանում երկրորդ մոտեցումը, այն է, որ, ի տարբերություն հայերենում արդեն առկա բառերի, որոնք ներկայումս փոխարինվում են անգլերեն, ռուսերեն բառերով («պեչենի», «լանչ» և դրանց նման), և որի դեպքում էս պրոցեսի դիմացն անհրաժեշտ է առնել, նոր բառերի դեպքում, որոնց իրավամբ կարելի է համարել միջազգայնորեն ընդունված տերմիններ և որոնց հայերեն համարժեքը չկա, կարելի է ընդունել համընդանուր գործածություն ունեցող (օրինակ. «ֆայլ», «ինտերնետ», «սքաններ», «սմարթֆոն» և այլն) տարբերակները (էստեղ ուզում եմ մի վերապահում անել, որ ինքս էս ոլորտի մասնագետ չեմ ու հավակնություններ չունեմ մասնագիտական կամ խորը հիմնավորված կարծիքներ արտահայտելու, ուղղակի  խնդրո առարկա ոլորտի նկատմամբ ոչ մասնագիտական հետաքրքրվածություն ունեմ): Ռուբենը, որպես հայերենի մաքրության պահպանման գործի նվիրյալ, պաշտպանում էր տրամագծորեն հակառակ տեսակետը, այն է՝ ցանկացած բառ պետք է ունենա իր հայերեն համարժեքը: Միանգամից ասեմ, որ սա, անշուշտ, ինքս էլ համարում եմ իդեալական տարբերակ: Խնդիրը դրա իրականացումն է, ավելի ճիշտ՝ դրա կարծեցյալ անհնարինությունը, քանի որ համոզվածություն ունեմ, որ պրոցեսը կարող է հանգեցնել մեռելածին բառերի, որոնք երբեք և ոչ ոքի կողմից չեն կիրառվի: Ուրեմն ինչու՞, ապա, գնալ էս ուղղությամբ: Ժամանակին «տրանսպորտ» բառի փոխարեն փորձեցին ներդնել «երթոն» բառը: Մտա՞վ կիրառության մեջ:

Բայց, արի ու տես, որ զրուցակիցս կարողացավ մեղմացնել իմ այս տեսակետը: Մասնավորապես, պարզվեց, որ, օրինակ «ֆայլ» բառը շատուշատ լեզուներում ունի իր լայնորեն կիրառելի համարժեքը: Մեկ այլ օրինակ. «կայք» բառը, որը, լինելով «սայթ» բառի հայերեն նորաստեղծ տարբերակը, ապրելու իրավունք նվաճեց և այժմ լայնորեն կիրառվում է: Մնալով նախկին համոզմանը, որ մեռելածին բառեր ստեղծելու անհրաժեշտություն չկա, մոտեցումներս, այնուամենայնիվ, զգալի փոփոխության ենթարկվեցին: Ճիշտ թարգմանություններ ունենալու դեպքում, եթե լինի համապատասխան գործընթաց՝ այդ բառերը կիրառության մեջ մտցնելու ու ամրապնդելու համար, թերևս շատ դեպքերում հնարավոր լինի հասնել հաջողության:

Նոր թարգմանությունների բարեհնչյունության մասով կարելի է վիճել ու վիճել՝ ինչքան մարդ, էնքան կարծիք: Լավ կլիներ, որ էս վեճը կայանար ու կայանար ներկայիս սոցիալական ցանցերի ներառմամբ՝ ֆեյսբուք, բլոգոլորտ և այլն: Էս դեպքում, գուցե, ավելի շատ հետաքրքրված մարդիկ կարող էին մասնակցել քննարկումներին: Համենայն դեպս զրույցի ավարտին հաճույքով համաձայնվեցի Ռուբենի այն կարծիքի հետ, որ պրոցեսը գնում է, այն անդառնալի չէ (սա կարևոր է), ու քայլ առ քայլ, գուցե, հնարավոր կլինի հանգել առավելագույն ընդունելի տարբերակին: Համենայն դեպս հիմա ավելի հանգիստ եմ ընդունում շատ բաներ, որոնց առաջ նիզակի էի հանում: Միայն այն փաստը, որ Ռուբեն Թառումյանի պես մարդիկ կան, որ էս հարցերով սերտորեն զբաղվում են (ընդ որում զուտ էնտուզիազմի վրա հենվելով), արդեն որոշիչ է համենայն դեպս իմ համար: Ցավում եմ, որ Ռուբենը բլոգոլորտում ներկա չէ: Հետաքրքիր բլոգ կլիներ իր բլոգը (իր թարգամանությամբ՝ ցոգը :Ճ):

Որպես դիդակտիկ նյութ էս թեմայով հետագա քննարկումների համար, որոնք, հուսով եմ, դեռ կլինեն առաջարկում եմ անպայման այցելել http://words.tarumian.am/: Էստեղ մանրամասն առաջարկվում են նոր թարգմանությունների միանքամից մի քանի տարբերակներ ու դրանց մանրակրկիտ բացատրությունները: Առաջարկում եմ խորանալ: Ափսոս քննարկման տեղ չկա:

Եվս մի հղում, որ ինձ համար հետաքրքիր ոլորտից է՝ http://fonts.tarumian.am/index_programs.php՝ տառատեսակներ + հայերեն գրամեքենային և ֆոնետիկ (հնչյունային) ստեղնաշարերի տարբերակներ (սրանց իմ տարբերակը ձեզ ներկայացրել էի ժամանակին):

Ռուբեն, եթե կարդում եք, առաջարկում եմ մի անգամ ևս գարեջուր խմել միասին, էս անգամ հրավիրելով նաև gilantc -ին, որը նույնպես էս թեմայով, ինչքան հասկանում եմ, հետաքրքրված է:



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
{ OVANITAS
Tags: թարգմանություն, համակարգչային տերմիններ, հայերեն
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 16 comments