?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

anas_lench-ն էս քանի վախտը Հովհաննես Թումանյանի հետ չայ էր խմել ու դրա մասին մի երկար-բարակ էսսե գրել յուր ֆեյսբուքի պատին։ Մենք մանսագիտությամբ ֆիլոլոգ չենք ու Բայրոնին էդքան էլ չենք սիրում, հետևաբար սրճարանում կամ դրա հարակից տարածքներում վաղուց մահացած գրողների չենք էլ ռաստ գալիս։ Բայց փոխարենը էրեկ իրիկուն որ զիբիլը տարա թափեմ, տեսնեմ նույն գործին է Տիգրան Բ Մեծը։ Չգիտեմ ոնց էր Մասիվում հայտնվել. գուցե Տիգրանակերտ-Մասիվ վեկտորով ժամանակ-տարածության պորտալ էր բացվել, կամ չեմմանում էլ ինչ ֆենոմեն էր, բայց դե մյուս կողմից էլ Տիգրան Բ-ն Թումանյանից կամ ես՝ Անասից ինչո՞վ եմ պակաս։

Տխուր էր արքան ու մի քիչ էլ գինովցած։ Գրաբարով ուշունց տալով (գրաբարով ուշունցները նենց սիրուն են հնչում)՝ մի տակառ զիբիլ էր դատարկում էն թափ-թազա Սանիտեք աղբամանների մեջ։

Հենց մի քիչ քաջություն հավաքեցի մոտենամ՝ ինքը շրջվեց, հին հայերենով մի «բարրիգուն» նետեց ու ուզում էր գնար կառքը նստեր, խնդրեցի արքայական ոտքը մի քիչ կախ գցի։

—Արքա,— արդի լրագրողական ոճն ընտրեցի ես,— ա՛յ դուք որպես հին աքսակալ մարդ, որպես Հայաստանը լավ իմացող արդյունավետ ղեկավար, ի՞նչ կասեք. մեր հալն ի՞նչ ա լինելու։

—Զմեզ արքա ոչ ասաներ, զհայվա՛ն,— վրա տվեց Տիգրան Տիգրանովիչը։ — Վասն զի զայնպիսի մահկանացոյս զ՚արքա անվանեալն, զզզվենք զմենք նողկանքով զամենայն։

— Տիգրան Տիգրանիչ, չեմ հասկանում, է՝ ինչ եք ասում։

— Ասում եմ, նենց մարդկանց եք «արքա» ասում, որ դրանից հետո ինձ արքա էլ չանվանեք, զզվում եմ,— արդեն արդի հայերենով վրա տվեց Տիգրան Բ արքայից արքան, քաղաքավարիորեն անտեսելով ականջիս այնուամենայնիվ հասած «զհայվան» ոչ երկիմաստ բառը։

— Բայց, Տիգրան Տիգրանիչ, ախր հո ստից տեղը չենք ասում… աշխատատեղեր, ներդրումներ, բան…

— Աշխատատեղերից չխոսե՛ս, ռամի՛կ… Աշխատատեղեր բացողը ա՛յ էս տղեն էր,— առնական բազուկը կրծքավանդակին խփեց Մեծ Հայքի, Ասորիքի ու Փյունիկիայի արքան,— էս տղեն… Երկրումս պարապ մարդ չէիր գտնի։ Վճարային հաշվեկշիռս տեսել ե՞ք,— չէր հանդարտվում իր մասին զարմանալիորեն առաջին դեմքով խոսող արքան։ — Բերանս բացել ե՞ս տալիս, ռամի՛կ… Իմ վախտով էս տեսակի իշխաններ ու մեծահարուստներ, նազիրներ ու վեզիրներ կլինեի՞ն։ Առանց վազելին օգտագործելու ցցի կհանեի Տիգրանակերտիս կենտրոնական աղբրի մոտ։ Երգիրը վարի տվիք… դե լավ է...

— Բայց արքա,— մի քիչ նեղվեցի՝ լսելով էսքան քննադատությունը,— արդար չես… բա մեր տոլմեն.. բա մեր Գառնին… հետո՝ Նազիր վզիրներն էդքան էլ վատը չեն. միասին մի եքքա ճգնաժամ կանխեցին հենց նոր։ Վեզիրն իսկի խանութներից դուրս չէր գալիս։

— Հազիվ էլ վաճառատան մակարդակի նազիր֊վեզիր պահեք, էլի։ Էդ տեսակ նազիր֊վեզիրներին ես անգամ չէի թողնի քաղաքի պարիսպներից ներս մտնեն, իսկ ձեր մոտ երկիր եք տվել՝ կառավարեն։ Թու՜… Բա վեզիրն է՞լ իր երկրի ռամիկներին, գեղջուկներին հորդորի գոտիները ձգել։ Իմ վախտով որ տնտեսագիտությունն իսկի չէին էլ հորինել, Սմիթն ու Քեյնսը հլա զիգոտ էլ չէին, ես էդքանն արդեն հասկանում էի, որ տնտեսությանը պիտի քաջալերես, քյոմակ անես… հենց գոտիները ձգելուն գնաց, էն ա ասա տնտեսությունն էլ մեռավ էլի։ Արհեստավորն ու գյուղացին գոտին ձգած քաղաքացուն ի՞նչ են վաճառելու։ Ոչինչ։ Իրենք էլ ուրեմն պիտի գոտիները ձգեն, արհեստանոցներն ու կալերը լքեն գնան Պոնտոս, կամ Հռոմ։ Էս ի՞նչ «մեսսիջներ» եք տալիս, էս ի՞նչ տեսակ եք երկիրս կառավարում։ Այսինքն կառավարիչներն ովքեր են, որ կառավարածներն էլ ինչ լինի. ինչքան վրաները փոշի նստած իշխան կար, բերել նախարար եք կարգել։ Էն մեկը դեռ իմ վախտերով կար։ Բա ու՞ր են երիտասարդ, դրսերում կրթություն ստացած կադրերը՝ էս կաշառակեր մթնոլորտից զզվող մարդիկ։ Տո լավ է… իզուր չանա եմ թակում։ Էն էլ ում՝ մի հասարակ ռամիկի հետ։ Գնա… գնա գոտիդ կապի… լծի տակ ապրի։ Կառքդ էլ ծախի, քանի որ իշխաններդ գարին ու վարսակը թանկացրել են։ Պարզ էլ չի՝ թե ինչի։ Այսինքն շատ էլ պարզ ա. թանկացնելու առիթ էր պետք. եղավ, թանկացրին։

— Արքա, բա ի՞նչ անենք…

— Ի՞նչ պիտի անեք... ինչ անելու էր, արդեն արել եք։ Հիմի սպասեք արածներիդ արգասիքներին։ Տակույու ստռանու պռասռալի...,— չգիտես ինչու ռուսերենի անցավ տիրակալը. երևի էն աշխարհում ոխերիմ բարեկամներից լենին-մենինների հետ շատ էր շփվել։

— Արքա, բա մեր տոլմ…

— Ա դե սիկտիր, է… ,— արդեն թուրքերենով ատամների արանքից նետեց Տիգրան Բ-ն, բարձրացավ կառքն ու կառապանին հրամայեց շարժվել։ Մի գաիշնիկ էլ չկար, որ դիմացից ճամփա բացեր, թե «խշշշշ… խշշշ… արա ճամփեն ազատեք արա…. աջ քաշի կայնի արա…. խշշշ… ճամփա տուր արա… արքան ա գալըմ… արքան...»։

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com