?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

Մի աղքատ մարդ երեք որդի ուներ։ Երեքն էլ ամբարիշտ։ Մի օր էս աղքատը կանչում է իր երեք որդիներին, ու ասում.

— Որդիք, ես արդեն ծեր եմ և շուտով պիտի մեռնեմ։ Ժամանակն է ունեցվածքս ձեր մեջ բաժանելու։ Օխտը տասնյակ տարի ապրել եմ էս ոչուփուչ աշխարհում, բայց շատ բան չեմ կուտակել. մի ջրաղաց ունեմ, մի աղյուսաշինարան, մի հեռադիտակ, մի ջորի, դե՝ ու մեր ագարակը։ Ջրաղացը թողնում եմ անդրանիկ որդուս։ Աղյսուսաշինարանը՝ միջնեկիս, իսկ հեռադիտակը՝ կրտսեր որդուս։ Իսկ ջորին ում պետք գա՝ թող նա էլ բանեցնի։

— Բա մեր ագարակը ու՞մ ես թողնում, հայր,— հարցնում են որդիները։

— Ագարակը թող անցնի էն որդուս, ով մի տարվա մեջ իրեն արդեն բաժին ընկած ժառանգությունից ավելի շատ փող կաշխատի։

Էդպես էլ պայմանավորվում են։

Մեծ որդին որտեղից-որտեղ մի դինամո է ճարում, բերում հարմարեցնում ջրաղացին, գյուղն էլեկտրիֆիկացնում է, հոսանքը թանկ-թանկ ծախում, ծախած գումարը գյուղի քյոխվի հետ մեջ-մեջ անում, ահագին փող կուտակում։

Միջնեկ ախպերը էդ աղյուսի գործարանը գործարկում է, քյոխվի հետ պայմանավորվում, աղյուսը բերում գեղի ճամփեքի եզերքին շարում, փողը գանձարանից քյոխվի հետ դուրս են գրում, մեջ-մեջ անում, էլ ավելի հարստանում։

Փոքր ախպերը հեռադիտակը շալակում է, ելնում բարդու կատարը, հետևում՝ ով է սելն արագ քշում, գնում քյոխվին խաբար տալիս, քյոխվեն գեղացիքին տուգանում է, փողը տալիս պստիկ ախպորը, սրան էլ ահագին հարստացնում։

Ջորին էլ հերթով բոլորն աշխատացնում են. սկզբում միջնեկ որդին է աղյուսը բարձում ջորուն, տանում հասցնում գյուղ։ Լավ էլ կերակրում է՝ չաղացնում։ Հետո պուճուրն է ջորուն օգտագործում, որ վրան կանգնի, բարձրանա ծառը։ Հետո, մի անգամ որ սայթաքում, վեր է ընկնում, ճիպոտով հարվածում է, ջորուն փախցնում։ Դա էլ գնում է մեծ ախպոր մոտ, ահագին օգուտ տալիս նրա գործերում, որ արդեն դեպի վատն էին գնացել։

Մի տարի հետո բոլորը հավաքվում են իրենց ալևոր հոր մոտ, յուրաքանչյուրը պարծենում իր կուտակած հարստությամբ։ Հայրը երկար-բարակ մտածում է ու ասում.

— Զավակներս, դուք, ճիշտ է, հարստություն կարողացել եք կուտակել, բայց էդ ընթացքում գժտվել եք մեկդ մյուսի հետ։ Միջնեկ որդին՝ մեծի հետ, պստիկը՝ միջնեկի, մեծն՝ էն երկուսի։ Իսկ որ ամենավատն է՝ դուք բոլորդ նեղացրել ու կեղեքել եք բոլոր գյուղացիներին, հարևաններին։ Իմ առաջադրանքն, ախր, ոչ թե միայն փող աշխատելու համար էր, այլ հիմնականում ձեր եղբայրասիրությունն ու մարդասիրությունը փորձելու։ Դուք չեք արժանանա իմ հայրական օրհնությանն ու ագարակը ձեզ բաժին չեմ հանի։ Իմ ագարակը ես կտակում եմ ջորուն։

— Ո՞նց թե ջորուն,— վրդովվում է պստիկ ախպերը,— բա մենք աշխատենք, ջորին վայելի՞։ Ախր մարդու պես խոսել էլ չգիտի։

— Որ դուք երեքդ էլ խոսում եք, ի՞նչ օգուտ,— ասում է հայրը,— հրեն, ձեր մեծ ախպերը մեր լեզվից բացի աղվաներեն էլ է խոսում, օգուտը՞։

— Ես դեմ չեմ,— արագ կողմնորոշվում է միջնեկ աղբերը,— ջորուն ես եմ կերցրել-չաղացրել։ Թող իրեն լինի ագարակը․ Ինքը, մեկ է, հո ագարակ չի կառավարելու։ Ես իր տեղը կկառավարեմ, էլի։

— Ես էլ իսկի դեմ չեմ,— ասում է մեծ ախպերը, որը ագարակը ջորու վրա գրելու հեռանկարում իր օգուտն է տեսնում։ Մտածում է՝ ջորին թղթերի տակ չի կարող ստորագրել, գործարքը չեղյալ կհամարեն ու ավագ որդու իրավունքով ագարակը կանցնի իրեն։

— Դուք դեմ չեք, ես եմ դեմ,— ասում է պստիկը։— Բա իմ հոր ագարակը ջորին կառավարի՞։ Բա դուք գեդինը չեք մտնի՞։— Ու ճիպոտում է խեղճ ջորուն։

Ասում են՝ երեք ամբարիշտ ախպերները մինչ օրս էլ կռիվ են տալիս, թե ում անցնի իրենց ագարակը։ Ասում են նաև՝ լուսնկա գիշերներին ագարակից լսվում են երեք ախպերների գոռոցները և անտեղի տեղը անիմաստ հավակնություններ ստացած ու շարունակ ծեծ ուտող ջորու զռռուցը… Իսկ հերը էդպես էլ փորուփոշման մեռնում, գնում է…

Երկնքից երեք խնձոր է ընկնում. մեկը էս հեքիաթը գրողին, մեկը էս հեքիաթը կարդացողին, մեկն էլ էն ղոչաղ տղուն, ով կգնա, երեք ախպորն էլ ագարակից վզակոթներին տալով կվռնդի ու տեր կկանգնի, կշենացնի էդ՝ արդեն վաղուց բարձիթողի վիճակում գտնվող ունեցվածքը...



պիտակներ:

Comments

( 1 միտք — մի բան գրի )
moonleight
Feb. 17th, 2015 05:46 pm (UTC)
:)
( 1 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com