?

Log in

No account? Create an account

նախորդ գրառումս | հաջորդ գրառումս

— Բա մեր պապերի ադաթն ու դրվածքը… խելոք էին էլի մեր պապերը… մեր պապերի խելքը որ ունենայի՜նք...

Խելոք էի՞ն։

Պապերի հատկապես ո՞ր սերունդն էր ավելի խելոք։ Ո՞ր դարի «վիպուսկը»։ Նրա՞նք, որ թատրոն էին խաղում, երբ էսօրվա եվրոպացիքի պապերը դեռ ծառերի վրա էին ապրում, թե՞ նրանք, որ Կիլիկիայում Հայաստանի «ֆիլիալը» բացեցին… գուցե նրա՞նք, որ Հայաստանը մի ծովից հասցրին մինչև մյուսը, կամ նրա՞նք, որ կարմիր խնձորի ադաթին ֆորմալ ձևակերպում տվեցին՝ հաջորդ սերունդների բարոյական կերպարը ամուր պահելու համար… Չեմ հեգնում, ազնիվ խոսքուղղակի գրավոր մտածում եմ՝ ո՞րն է սերունդների հավաքական խելքի գնահատման չափանիշը։

Ինչու՞ է միշտ համարվել, որ մեր նախնիները մեզնից խելոք են եղել։ Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ մեր սերուդն էլ, որ «պապերի սերունդ» պիտի համարվի մեր «թոռների սերունդների» համար, վերջիններիցս ավելի խելո՞ք է։ Մեր էսօրվա ադաթները, հետևաբար, մեր հաջորդների համար օրինակելի՞ պիտի համարվեն։ Տան գրավի դիմաց վարկով արած հարսանիքներին տասը ձյան պես ճերմակ ու տասը սաթի պես սև «յաշիկներով», անխնա պիբիփ տալով «գանյատ անելը» թոռների յուրաքանչյուր սերնդի համար պիտի պապական քաղցր ավանդու՞յթ համարվի։ Ընտրաքվեն 5000 դրամով ծախելը հարսի դեմը կտրելու կամ կոշիկը գողանալու պես գեղեցիկ ադա՞թ։ Անցավորների գերեզմանի վրա Թութանհամոնին արժանի դամբարան կառուցե՞լը, երբ երեխեքի ուսման վարձի գումարը չի հավաքվում։ 3042 թվականին Հայաստանի Հանրապետության (թու, թու, թու…) քաղաքացին ֆեյսբուքում, կամ ավելի շուտ՝ ադնակլասսնիկում մտքի ուժի օգնությամբ հնարավո՞ր է ստատուս ձևակերպի, թե «ara es INCH EQ ANUM MER PAPERI MSHAKUYTI HET... ara, mer paperi vakhtov Armenchiki pes metsutyunnern ein petakan bardzr gnahatakani arjananum, voch te srants pes jutak-mutak kokoghner@... petutyun er, e...», կամ էդ վախտվա Բլոգնյուզը առաջին էջին 5D տեքստով վերնագիր կտա՞, թե՝ «Սպ.Հայկոյի անվան պետական ակարդիոնա-դհոլային քառյակը Հայաստանի VIII հանրապետության 100-ամյակի կապակցությամբ հանդես կգա տոնական համերգով։ Տոմսերի համար դիմեք ք.Տաշիր, Շմայսի 8, իսկ մարզերի բնակիչները կարող են դիմել համապատասխան մարզպետարանների մշակութային բաժիններ»։

...Աֆրիկացի ցեղեր կան, որ իրենց պապերի ավանդույթները էնպես լավ էլ պահում են. տեսած կլինեք է. էն, որ ներքևի շրթունքներին ճաշի ամանների չափ դիսկեր են ճխտում, կամ էն մեկելները, որ կնկտանց վզներին էնքան օղակներ են հագցնում, մինչև վիզը կես մետրի երկարի։ Բա ինչի՞ մենք էլ մեր՝ էդ կարգի հին պապական ավանդույթներն անտեսում ու էս՝ համեմատաբար «թազա» պապերի ավանդույթներն ենք ամեն քայլի վկայակոչում (էն էլ՝ ընտրովի), թե, տեսե՛ք՝ ի՜նչ խելոք են եղել, ի՜նչ լավն են եղել իրենց ընտանեկան ու կենցաղային դրվածքները։ Ո՞նց ենք որոշել, թե հենց էդ «թազա» պապերն են խելոքը։ Գուցե ավելի հայեցի է կրակը կայծքարներն իրար խփելով ստանալ։ Մեր պապերը մի քանի հարյուր հազար տարի էդպես էն վարվել։ Իսկ էս ժաժիգակա-մաժիգալկան թազա օտարածին զրթիկներ են. համեմատաբար վերջերս են հնարվել։ Բա ամոթ չի՞։

Ես մի տեսակ չեմ ուզում, որ մեր պապերը մեզնից խելոք լինեն… այսինքն մենք՝ մեր պապերից անխելք։ Որ մեր երեխեքն էլ մեզնից անխելք չլինեն։ Առնվազն։ Որ հասարակությունն առաջ գնա, ոչ թե հետ։ Որ ավանդույթները առաջ տանեն, ոչ թե տեղում պահեն։ Որ հետ նայենք՝ հնով հիանալու, ոչ թե դրանով արհեստական սահմանափակումներ սահմանելու համար։

Գլխիս մի խփեք, հիմա սոված փորիս բան էր, գրեցի… թե չէ ես էլ դեմ եմ, որ տղեն տղի հետ պսակվի։ Դա ավանդույթի պահպանման տիրույթին պատկանող հարց չի, ըստ իս։ Բայց սա արդեն ուրիշ գրառման թեմա է։



Comments

( 5 միտք — մի բան գրի )
noni_no
Oct. 21st, 2015 06:05 am (UTC)
իսկ ջոկե՞լ ես, թե մենք ինչքան խելոք պտի ըլնենք, որ թոռներն ու ծոռները շատ դեբիլ չլնեն

կստածի, բա տատերը՞, էս ի՞նչ ահավոր խտրականություն էր:
ovanitas
Oct. 21st, 2015 06:23 am (UTC)
տատերի հետ քվիթ ենք լինում ամեն անգամ, երբ թոռները իրանց տատի-պապի տուն գնալուց ասում են. «գնում եմ տատուս տուն»։ ։)) թեման փակ ա։

noni_no
Oct. 22nd, 2015 02:53 am (UTC)
դրա համար էլ եվրոպաները ձեզնից դժգոհ են էլի
Hrant Khachatrian
Oct. 21st, 2015 07:35 am (UTC)
Դասակարգենք ադաթները
Պապերի սերունդները տարբերակելուց բացի գուցե արժի հստակեցնել կոնկրետ ադաթները:

Ինձ թվում ա առավել վնասակար են էն ադաթները, որոնք ձևավորվել են պետականության բացակայության պայմաններում ու հարմարված են ուրիշի «լծի տակ» (© Մհեր Սեդրակյան) ապրելուն:

էն օրը մի մաքսակետի աշխատող ինձ բացատրում էր, որ «տղա ջան, ջահել ես, նոր ես կյանք մտնում» ու որ ասում ենք էսինչը ներմուծելու համար թույլտվություն ա պետք, դու պիտի հարցնես «բա ինչո՞վ կարող եք օգնել», ոչ թե «էդ ո՞ր օրենքում ա գրած»: Որովհետև, «տղա ջան, էդ օրենքները ոչ ես եմ գրել, ոչ դու»:

Օրենքի նկատմամբ էս վերաբերմունքը ադաթ ա ու փոխանցվում ա սերնդեսերունդ: Ու հաստատ խանգարում ա, որ երկիրը երկիր դառնա
ovanitas
Oct. 21st, 2015 08:44 am (UTC)
Re: Դասակարգենք ադաթները
միանշանակ համաձայն եմ...
Ավելին, երկար ժամանակ պետականություն չունենալու պայմաններում պետությունը ընկալվում ա որպես օտար երևույթ, լուծ։ Հետևաբար պետությունից պոկել տուն բերելը մաչոյականություն ա դառնում։ Հետևաբար, օրինակ, սովետական լավ ադաթներից մեկն էլ պետությունից գողանալ տուն բերելն ա... ու էդ ադաթը ինչքան ուժեղ ա մարդ պահում, էնքան ուժեղ տղա ա ւինքը։ Էդպես էլ շարունակվում ա հիմա էլ ու էդ ադաթը էդպես էլ դուրս չի գալիս մեջներիցս...

Հ.Գ. էնպես չի, թե ադաթներին ընդհանուր առմամբ վատ եմ վերաբերվում․ Վատ եմ վերաբերվում, երբ վարքի ստերեոտիպային ուղենիշները գերակայում են տրամաբանության ու բարոյականության նկատմամբ։
( 5 միտք — մի բան գրի )

վերջին ամիսը

October 2016
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

պիտակներ

հղումներ

Powered by LiveJournal.com